DSC_0536.jpg
 
 

Եռակողմ հուշագրերի ստորագրում

Հոկտեմբերի 9-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի եւ Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու,

Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզպետարանների, այդ մարզերի շուրջ 70 դպրոցների միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Ստորագրման արարողությունը, ինչպես նաեւ ողջ համագործակցությունն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել գյուղական համայնքների զարգացումն ու համայնքային կյանքի աշխուժացումը։ «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամը 2013թ․ ի վեր Հայաստանի վեց մարզում իրականացնում է առաջնորդության զարգացման իր երկամյա ծրագիրը՝ գործուղելով որակյալ մասնագետներին՝ դպրոցներում դասավանդելու, ինչպես նաեւ գյուղերում համայնքային զարգացման ծրագրեր իրականացնելու։ Այդ

առումով կարևորվել է այդ ծրագրերի համապատասխանեցումը երկրի եւ մասնավորապես տվյալ մարզի զարգացման քաղաքականությանը։ «Մենք ունենք բազմաթիվ հաջողված փորձեր, նվիրյալ հայորդիներ, ովքեր, թողնելով Երևանյան փափուկ կյանքը, գնում են հեռավոր սահմանամերձ գյուղեր, իրենց ներդրումն ունենում համայնքի հետագա զարգացման գործում և ծառայում Հայաստանի Հանրապետությանը։ Այո՛, ես դա համարում եմ ծառայություն, որովհետև հայ մանուկի կրթական մակարդակը մի աստիճանով բարձրացնելու գործն ազգանվեր գործ է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր այս ծրագրում ներառված են ու ներկա են, խորին հարգանքս և շնորհակալությունս ձեզ»,- բացման խոսքում նշեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և պատրաստակամություն հայտնեց օժանդակել «Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամի և մարզպետարանների միջև հետագա համագործակցության ընդլայնմանը։ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովաննիսյանը իր հերթին երախտագիտություն հայտնեց տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, մարզպետարաններին ու կրթության վարչության պատասխանատուներին, ինչպես նաև գործընկեր դպրոցների տնօրեններին աջակցության համար և նշեց․ «Հիմնադրամի գործունեության առաջին իսկ օրվանից մենք գերազանց համագործակցություն ենք սկսել Հայաստանի մարզպետարանների եւ մեզ հարազատ դարձած դպրոցների հետ, սակայն կարծում ենք, որ եռակողմ հուշագրի ստորագրմամբ նոր որակ կհաղորդենք համայնքային զարգացման ծրագրերի արդյունավետությանը՝ ապահովելով, որ դրանք բխեն տվյալ մարզի եւ համայնքի կարիքներից։ Մեզ համար կարևոր է նաև, որ այդ ծրագրերը լինեն կայուն, քանի որ դրանով աշակերտները տեսնում և հասկանում են, որ գյուղում կարելի է և հնարավոր է նորարարություն կիրառել, հետաքրքիր գաղափարի միջոցով արդյունք ստանալ»։ Միջոցառման ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստանի» աշխատակիցները ներկայացրեցին իրականացվող կրթական և համայնքային ծրագրերը, որին հաջորդեց եռակողմ հուշագրի ստորագրումը հիմնադրամի և մարզպետարանների միջև։ Փաստաթղթի մեջ հստակ սահմանված են համագործակցության շրջանակը, կողմերի պարտավորությունները ու տվյալ համագործակցությունից ակնկալվող արդյունքները։  Միեւնույն ժամանակ ընդգծվում է, որ այդ ամենը կկատարվի մարզպետարանների հետ համագործակցությամբ, ինչն էլ իր հերթին համակարգվում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից։