ՈՐՏԵՂ ԵՆՔ ՄԵՆՔ 
ԱՅՍՕՐ

Այս պահի դրությամբ  «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 6 մարզի 55 գործընկեր դպրոցում: Մեր երկու հոսքի 85 մասնակիցներն աշխատում են շուրջ 5000 երեխայի հետ:

 «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը շարունակաբար համագործակցում է նոր դպրոցների ու համայնքների հետ, որպեսզի հասանելի դառնա Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր մարզում ապրող յուրաքանչյուր երեխայի համար, քանի որ յուրաքանչյուր երեխա պետք է իրավունք ունենա ստանալ գերազանց կրթություն:  

Ստորև ներկայացված քարտեզում տեսե՛ք, թե որտեղ ենք մենք այսօր: Բոլոր սպիտակ կետիկները դպրոցներն ու համայնքներն են, որտեղ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն այս պահին ունի մասնակիցներ: 

schools-web.png
 

Ծանոթացե՛ք, Մարգարիտան է: Ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, ստացել է անգլերենի մասնագետի որակավորում: Որպես «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակից լավագույն տեղակայման վայրը նրա համար Տավուշի մարզի Չորաթան գյուղն էր, որը հեռու է  հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 6 կմ:

Գյուղի դպրոցում կա շուրջ 100 աշակերտ, սակայն այն ունի 300 աշակերտ ընդունելու հնարավորություն: Մինչև Մարգարիտային այդ դպրոցում տեղակայելը, այնտեղ շուրջ մեկ տարի ընդհանրապես չի եղել անգլերենի ուսուցիչ: Այս պահին Մարգարիտան համայնքի միակ անգլերենի ուսուցիչն է և դասավանդում է դպրոցի բոլոր աշակերտներին:  

Մարգարիտայի գյուղում չկա հոսող ջուր: Չորաթանում չկա նաև դեպի գյուղ և գյուղից այլ վայրեր տանող տրանսպորտ: Մայրաքաղաքի հետ կապվելու համար գյուղացիներին նախ հարկավոր է ճամփորդել դեպի այլ մարզ: Չնայած բոլոր դժվարությունների, համայնքը մեծ ջերմությամբ է դիմավորել Մարգարիտային: Նա այնքան է սիրել գյուղական կյանքը, որ  հանգստյան օրերին էլ է նախընտրում մնալ Չորաթանում և ավելի շատ ժամանակ հատկացնել իր աշակերտներին: