B52E3D12-6BF0-4D7B-B478-0D1A7BD7FD5B.jpg
 
 

«Դասավանդի՛ր, Հայաստան» -ի հիմնադիր և ղեկավար Լարիսա  Հովաննիսյանն արժանացել է Խաղաղության միջազգային մրցանակի

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովաննիսյանը Նյու Յորքում ստացել է «Իմաստալից աշխարհ»-ի ՄԱԿ-ի Խաղաղության միջազգային օրվա մրցանակը։ Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում։  Խաղաղության մրցանակի համար Լարիսան նոմինացվել է Հայաստանում և Արցախում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաքելությունը տարածելու համար։ Հայաստանի սահմանամերձ գյուղերն ու Արցախն այն տարածքներն են, որտեղ համայքները շարունակաբար կրում են իրենց վրա պատերազմի ազդեցությունը։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագիրն Արցախում հաջողությամբ մեկնարկելը Լարիսա Հովաննիսյանի և կազմակերպության առաջնային նպատակներից էր, քանի որ կրթական որակի բարձրացման ու լավ մասնագետների կարիքը շատ էր զգացվում Արցախի հատկապես հեռավոր համայնքներում։ Միջազգային շատ կազմակերպություններ հրաժարվում են իրենց ծրագրերն իրականացնել Արցախում՝ քաղաքական նկատառումներից ելնելով։ Այն փաստը, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը միջազգային ցանցի անդամ է, չխանգարեց Լարիսային բերել ծրագիրը նաև Արցախ և ուղարկել տաղանդավոր, մոտիվացված և նվիրված ուսուցիչների Արցախի դպրոցներ դասավանդելու։  Լարիսա Հովաննիսյանը հավատացած է, որ նման ծրագրերի միջոցով է հնարավոր հասնել խաղաղության։ ««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի տեսլականը պարզ է. մենք ձգտում ենք որակյալ կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների համար։ Մեր դերը կենսական է կոնֆլիկտային համայնքերում հատկապես, քանի որ այնտեղ ապրող երեխաներն իրենց մաշկի վրա են զգում պատերազմը, ունեն հոգեբանական բարդույթներ և ունեն ավելի մեծ ուշադրության կարիք։ Մոտիվացված ուսուցիչներ և փայլուն օրինակներ ունենալու միջոցով նրանք կարող են հաղթահարել բարդույթներն ու կենտրոնանալ գերազանց կրթություն ստանալու վրա», - իր խոսքում նշել է Լարիսա Հովաննիսյանը։

Այս շաբաթվա ընթացքում Լարիսան մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, ինչպես նաև «Կրթություն բոլորի համար» ցանցի մասնակցությամբ կազմակերպված մի շարք միջոցառումների, հանդես եկել որպես խոսնակ։