Մասնակցության
մասին
–
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա դասավանդման ծրագիր է` Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետներ համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը: Ծրագրի մասնակիցները տեղաբաշխված են Հայաստանի մարզերի դպրոցներում, որտեղ կա համապատասխան երիտասարդ ուսուցիչների պակաս: Մասնակիցներն իրենց հետ բերելով նորարար մտքեր, նոր մեթոդներ, հասանելի են դարձնում վերջին կրթական նյութերը աշակերտների համար, ոգեշնչում են երեխաներին և նպաստում են կրթության որակի բարելավմանը:
Ծրագրի երկարաժամկետ տեսլականն է ձևավորել համախոհ առաջնորդներ, ովքեր հասկանում են հայկական կրթական համակարգի առանձնահատկությունները և ի վիճակի են ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո նպաստել նաև դրա հետագա զարգացմանը և արդիականացմանը՝ անկախ իրենց կարիերայի ընթացքից։
Մոդելը, որի հիման վրա ստեղծվել է ծրագիրը, 25 տարվա պատմություն ունի։ Այն սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է, որը կիրառվել է աշխարհի շուրջ 40 երկրի Ազգային անկախ կազմակերպությունների կողմից, որոնք համախմբվել են Teach For All միջազգային ցանցի ներքո, որպեսզի ստեղծեն մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի կիսել լավագույն փորձը և գիտելիքները:
Ու՞մ համար է
«Դասավանդի՛ր, Հայաստան»
ծրագիրը:
Մենք հավաքագրում և ընտրում ենք լավագույն երիտասարդներին Հայաստանից և սփյուռքից, ովքեր ստեղծարար են և ունեն առաջնորդական հմտություններ: Ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պարտադիր չէ մասնակիցը ծրագրին դիմելու պահին ունենա մանկավարժական կրթություն: Երբ մասնակիցները ընտրվում են մեր կողմից, նրանք վերապատրաստվում և ձեռք են բերում մանկավարժի հմտություններ, իսկ որակավորում ստանում են ծրագրի միջոցով:
Մեր մասնակիցները Հայաստանի լավագույն համալսարանների շրջանավարտներ են՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան և այլն: Ինչ վերաբերվում է սփյուռքից ժամանած մեր մասնակիցներին, ապա նրանք այնպիսի հեղինակավոր համալսարանների շրջանավարտներ են, ինչպիսիք են Կալիֆորնիայի համալսարանը Լոս Անջելեսում (UCLA), Լիբանանի համալսարանը, Լոնդոնի համալսարական քոլեջը և այլն: